Հայաստանցիները նշել են լավ ապրելու համար հարկավոր գումարի չափը
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ազգային վիճակագրական կոմիտեի 2017 թ.-ի «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում Հայաստանի բնակչությունը սուբյեկտիվ գնահատական է տվել կենսամակարդակին և հետագա սպասումներին:
ԱՎԿ-ի հարցման են մասնակցել տնային տնտեսությունների 5184 ներկայացուցիչներ` 16 տարեկան և բարձր հասակի: Հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե ամսական մեկ շնչի հաշվով որքան գումար է անհրաժեշտ լավ և շատ լավ ապրելու կամ գոյատևելու համար:
Ըստ հարցման արդյունքների, լավ ապրելու համար միջինը Հայաստանում մեկ մարդու համար անհրաժեշտ է մոտ 341,1 հազար դրամ կամ 707 դոլար, շատ լավ ապրելու համար` 873,1 հազար դրամ կամ 1809 դոլար: Ընդ որում, ծայրը ծայրին հասցնելու համար մեկ մարդուն ամսեկան հարկավոր է 93,5 հազար դրամ կամ 194 դոլար:
Նվազագույն աշխատավարձը Հայաստանում, ըստ վերջին պաշտոնական վիճագրական տվյալների, կազմում է 55 հազար դրամ: Միջին ամսական անվանական աշխատավարձը 2017 թ.-ին կազմել է 177,8 հազար դրամ կամ 368 դոլար:
2017թ. հետազոտության ընթացքում կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ իրենց ակնկալիքների վերաբերյալ տնային տնտեսությունների 16 և բարձր տարիքի անդամները նշել են հետևյալը` ինձնից ոչինչ կախված չէ, կառավարությունը պետք է ապահովի աշխատանքով և լավ պայմաններով (31.7%):
Ընդ որում, հարցվածների 23.7%-ը նշել է, որ իրենք որևէ պլաններ չունեն, 16.1%-ը փնտրում է եկամտաբեր աշխատանք Հայաստանում, 9.3%-ը չգիտի, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից, իսկ հարցվածների 8.0%-ը ընդունելի է համարում իրենց կենսամակարդակը: 4.4%-ը սպասումներ չունեն ընդհանրապես և ստիպված են հեռանալ Հայաստանից, իսկ 4.3%-ը փնտրում եմ եկամտաբեր աշխատանք Հայաստանից դուրս:
Հարցվածների 1.9%-ը նշել է, որ ցանկանում է սկսել սեփական գործը Հայաստանում, իսկ Հայաստանից դուրս սեփական գործ ուզում է սկսել միայն 0.6%-ը:
Հարցվածների 31.9%-ի կարծիքով նոր սերունդն ավելի լավ կապրի, 27.2%-ի կարծիքով նոր սերունդն ավելի վատ կապրի, 14.2%-ի կարծիքով` նրանք կապրեն նույն ձևով, իսկ հարցվածների 26.7 %-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին:
Ըստ 2017 թ.-ին անցկացված հարցմանը, հարցվածների 12%–ն իրեն աղքատ է համարում, իսկ 1,1%–ը` չափազանց աղքատ: Ընդ որում, հարցվածների 41.8%-ն իր կյանքի որակը գնահատել միջին, նույնքան էլ` միջինից ցածր, իսկ 3,2%-ը` միջինից բարձր: Եվ միայն 0,1%-ն է իրեն հարուստ համարել:
Ըստ ՀՀ ԱՎԿ–ի, 2017 թ.-ին Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է 3,7 տոկոսային կետով` մինչև 25,7%:-0-