Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Փորձագետները կասկածում են հայտնի տնտեսագետ Աճեմօղլուի հայաստանյան այցի արդյունավետության մեջ

18.05.2018, 17:10
Աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն Նիկոլ Փաշինյանին հայտնել է, որ պատրաստ է աջակցել տնտեսության վերականգնման հարցում։
Փորձագետները կասկածում են հայտնի տնտեսագետ Աճեմօղլուի հայաստանյան այցի արդյունավետության մեջ

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի այցը Հայաստան պետք է գործնական կիրառում ստանա, ուրբաթ ասաց տնտեսական գիտությունների թեկնածու, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած քննարկումների ընթացքում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ:

«Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը»,- գրել էր Փաշինյանը Facebook-ի իր էջում:

«Ժամանակին Հայաստան էր հրավիրվել համաշխարհային մակարդակի մեկ այլ հայտնի տնտեսագետ Աբել Աղանբեկյանը, ով իշխանությունների համար գրեց տնտեսական զարգացման իր ծրագիրը, սակայն այն ոչ ոք չկիրառեց», - ասաց Մարկոսյանը:

Ըստ փորձագետի, եթե Աճեմօղլուի այցը սահմանափակվի միայն երկիր այցելությամբ և չունենա կոնկրետ գործնական արդյունքներ, ապա «դա Հայաստանի համար կլինի հերթական շատ թանկ, բայց անարդյունք հաճույքը»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն իր հերթին նշեց, որ Աճեմօղլուն աշխարհի ամենաընթերցվող տնտեսագետների տասնյակում է, ժաանակին նա նկարագրել է տնտեսական երևույթներ, որոնք կարելի է կիրառել Հայաստանում ստեղծված իրավիճակի համար:

«Հայաստանը կարող է նրա համար լավ աղբյուր դառնալ սեփական տեսությունը պրակտիկայում ներկայացնելու համար: Հարցը նրանում է, թե կառաջարկի՞ նա խնդրի լուծում, և որքանո՞վ նոր կառավարությունը կկարողանա օգտվել նրա  խորհուրդներից», - ասաց Խաչատրյանը:

Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը կարծում է, որ տնտեսական քաղաքականության մշակման գործում պետք չէ հեծանիվ հորինել։

«Հարկավոր է ստեղծել տեղական փորձագետներից կազմված խումբ, իսկ Հայաստանում կան շատ լավ տնտեսագետներ, որոնց ներուժը հարկավոր է օգտագործել։ Այս դեպքում հնարավոր կլինի հասնել հաջողության և արդարացնել մարդկանց սպասումները», – ասաց Օսիպյանը։

Փորձագետի կարծիքով, հակառակ դեպքում, եթե սպասումները չարդարանան, ապա հաշվի առնելով, որ հեղափոխությունը փաստորեն իրականացրել է երիտասարդությունը` կլինի լուրջ հիասթափություն և կհանգեցնի երկրից մարդկանց զգալի արտահոսքի։

«Մենք հետաքրքրված ենք, որպեսզի հեղափոխությունը հաջողվի և ունենանք զարգացած երկիր։ Դրա համար Հայաստանում պետք է ձևավորվի տնտեսական զարգացման միասնական  ծրագիր, միասնական վեկտոր, որպեսզի զարգացումն ապահովվի` անկախ իշխանափոխությունից», – ասաց Օսիպյանը։

Դարոն Աճեմօղլուն ամերիկահայ տնտեսագետ է, ծնվել է Թուրքիայում։ Ջոն Բեյթս Քլարկի մեդալի դափնեկիր է: Աճեմօղլուն դասվում է աշխարհի տասն ամենամեջբերվող տնտեսագետների շարքին: -0-