ՀՀ կառավարությունը Կամերային թատրոնին նոր մասնաշենք կառուցելու համար տարածք է տրամադրել
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Երևանի պետական կամերային թատրոնին փոխանցել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տարածքի մի հատվածը` թատրոնի նոր մասնաշենք կառուցելու համար։
«Այդ տարածքը, որը չի օգտագործվում բուհի կողմից, հնարավորություն կընձեռի ապահովել Կամերային թատրոնի հետագա զարգացումը, նոր ենթակառուցվածքներ կառուցել, խթանել մայրաքաղաքի մշակութային կյանքի զարգացումը»,– հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Երևանի Պետական Կամերային թատրոնի ստեղծման պաշտոնական ամսաթիվը համարվում է 1982թ.–ի դեկտեմբերի 15–ը։ Գոյության ընթացքում թատրոնում շուրջ հարյուր ներկայացում է բեմադրվել, որոնք մեծ հաջողություն են ունեցել հանդիսատեսի շրջանում։ Կամերային թատրոնը Հայաստանի, Ռուսաստանի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի շատ հեղինակավոր փառատոների մասնակից և դափնեկիր է։ –0–