Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+26

Առկա են այլ հանցագործության հատկանիշներ. դատախազը Քոչարյանի և մյուսների գործով համապատասխան որոշում կներկայացնի Հակակոռուպցիոն դատարան

17.09.2024, 11:48
Գործի շահերից ելնելով՝ այս փուլում այլ մանրամասներ չեն ներկայացվում
Առկա են այլ հանցագործության հատկանիշներ. դատախազը Քոչարյանի և մյուսների գործով համապատասխան որոշում կներկայացնի Հակակոռուպցիոն դատարան

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. 2024 թվականի սեպտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանի հակակոռոուպցիոն պալատը հրապարակել է թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով (ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների) կայացված որոշումը, որով բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 6-ի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը և գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:

Դատախազությունից հայտնում են, որ ի թիվս այլնի, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ առկա պայմաններում Առաջին ատյանի դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի  նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն իրավաչափ չէ, և որ Սահմանադրական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելուց հետո, մինչև դատարանի կողմից խորհրդակցական սենյակ հեռանալը,  մեղադրողն իրավասու է եղել փոփոխելու նշված անձանց մեղսագրված արարքի իրավաբանական գնահատականը:

Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին վերագրվող արարքներում առկա են Քրեական օրենսգրքի այլ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ վերոնշյալ քրեական գործով մեղադրողն առաջիկայում Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի համապատասխան որոշում:

Գործի շահերից ելնելով՝ այս փուլում այլ մանրամասներ չեն ներկայացվում։