Рейтинг@Mail.ru
USD
367.47
EUR
419.65
RUB
4.7311
GEL
139.2
2026 թ. հուլիսի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանը խաղադրույք է կատարում արհեստական բանականության և նորարարական արդյունաբերության վրա․ Փաշինյան

Այսօր, 17:26
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արդյունաբերության աճի և նորարարական զարգացման թեմաներին
Հայաստանը խաղադրույք է կատարում արհեստական բանականության և նորարարական արդյունաբերության վրա․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արդյունաբերության աճի և նորարարական զարգացման թեմաներին։

«Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է արձանագրում: 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը, 2024 թվականի համեմատ, կազմել է 4,7%, իսկ ընթացիկ տարվա չորս ամիսներին՝ 13%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մշակող արդյունաբերությունը վերջին 9 տարում կրկնակի աճ է գրանցել»,- նշել է Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Ինդուստրիա 360. արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստում, որն անցկացվում է Եկատերինբուրգում «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը գիտատար արտադրությունների ձևավորումն է, որոնք ապահովում են տեխնոլոգիական զարգացում՝ թվայնացման գործընթացների օպտիմալացման, արհեստական բանականության և տվյալների վերլուծության տեխնոլոգիաների ներդրման հաշվին։

«Նորարարական զարգացման մեր ռազմավարությունը կապահովի կայուն աճ՝ հաշվի առնելով ինտեգրումը գլոբալ տեխնոլոգիական միտումներին, որպեսզի արժանի տեղ զբաղեցնենք տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության գլոբալ քարտեզի վրա: Վերջին շրջանի լայնածավալ ներդրումները վկայում են այն մասին, որ մեր երկիրն ավելի ու ավելի է ընկալվում որպես հուսալի գործընկեր, որն ունի երկարաժամկետ, ռազմավարական տեսլական բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է, որ արդյունաբերությունը շարժիչ ուժերից մեկն է նաև Եվրասիական տնտեսական միությունում։

«Ինտեգրացիոն նպատակների իրականացման գործում կարևոր գործնական գործիք դարձավ կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկումը։ Այս մեխանիզմը նպաստում է անդամ պետությունների արդյունաբերության մրցունակության բարձրացմանը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով փոխշահավետ համագործակցության համար։ Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններն արդեն իսկ մասնակիցն են մի շարք համատեղ նախագծերի՝ ԵԱՏՄ-ի մեր գործընկերների հետ»,- հայտարարել է Փաշինյանը։