Ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ԵՏՄ-ից դուրս գալու նախագիծ է ներկայացրել ԱԺ–ի քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Ազգային ժողով է ներկայացրել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին» հայտարարության նախագիծը:
Փաստաթղթում նշվում է, որ, չնայած միության տնտեսական բնույթին, ապրիլի սկզբին ԼՂՀ-ում հակամարտության կտրուկ սրման ժամանակ ԵՏՄ անդամ-պետությունները հրաժարվեցին մասնակցել Երևանում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին:
«Փաստացիորեն, ՀՀ-ի, ԼՂՀ-ի և համայն հայության համար այս օրհասական պահին ԵՏՄ անդամ-պետությունները նման քայլով սպասարկեցին այդ կառույցի անդամ չհանդիսացող Ադրբեջանի քաղաքական շահը՝ ոտնահարելով այդ կառույցի լիիրավ անդամ Հայաստանի Հանրապետության պետական շահը։ ԵՏՄ անդամ-պետությունների նման պահվածքն անընդունելի է և ևս մեկ անգամ վկայում է, որ այն ոչ թե տնտեսական, այլ ավելի շատ ոչ արդյունավետ տնտեսա-քաղաքական միություն է։ Ավելին, այս միությանը ՀՀ-ի անդամակցությունը չավելացրեց նաև անվտանգության բաղադրիչը՝ զրկելով Հայաստանի Հանրապետությանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ անվտանգության այլընտրանք ունենալու հնարավորությունից», - ասվում է հայտարարության նախագծում։
Փաստաթղթում նշվում է նաև, որ միությունում Հայաստանի անդամակցության մեկ տարվա ընթացքում, փաստացիորեն, չեն իրականացվել պայմանագրով նախատեսված քայլերը: Մասնավորապես, չի արձանագրվել որևէ առաջընթաց կողմերին ու դրանց ժողովուրդներին միավորող բարեկամական հարաբերությունները և դրանց բարգավաճումն ապահովելուն ուղղված քայլերում, տեսանելի չեն առավել սերտ ինտեգրում խթանելու ու կողմերի տնտեսությունների միջև կապերի սերտացումը ժողովուրդների սոցիալական առաջընթացի և բարեկեցության բարելավման նպատակով կատարվող քայլերը։
«Ընդհակառակը՝ համաձայն ՀՀ վիճակագրական ծառայության 2015թ․հետազոտությունների, արտահանումը կրճատվել է 4.7%-ով, ընդ որում, արտահանումը հատկապես նվազել է դեպի ՌԴ` 28.1%-ով և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրներ՝ Բելառուս՝ 41.9%-ով, Ղազախստան՝ 30.1%-ով», - նշել է հայտարարության նախագծի հեղինակը:
Հայաստանը դարձել է ԵՏՄ լիիրավ անդամ 2015 թ.-ի հունվարի 2-ից: -0-