Рейтинг@Mail.ru
USD
394.31
EUR
413.87
RUB
3.81
GEL
138.84

Ադրբեջանի գործողություններն ահաբեկչություն են Արցախի ժողովրդի նկատմամբ. Շարմազանով

02.04.2016, 13:14
Ադրբեջանի գործողություններն ահաբեկչություն են Արցախի և հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցությունների գործընթացի նկատմամբ։ 
Ադրբեջանի գործողություններն ահաբեկչություն են Արցախի ժողովրդի նկատմամբ. Շարմազանով
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի գործողություններն ահաբեկչություն են Արցախի և հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցությունների գործընթացի նկատմամբ, շաբաթ լրագրողներին ասաց Ազգային Ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:

ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, ԼՂՀ պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերը շփման գծի հյուսիսային հատվածում հայկական դիրքերը գրոհած ադրբեջանական ուղղաթիռ են խոցել։ 

«Ադրբեջանի գործողությունները ահաբեկչություն են թե´ Ղարաբաղի ժողովրդի, թե´ բանակցությունների գործընթացի և թե´ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից յուրաքանչյուրի` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նկատմամբ»,- ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով, Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում պայմանավորված է միջազգային հանրության կողմից իրավիճակի հանդեպ անհասցե գնահատականով:

Ինչպես նշեց փոխխոսնակը, Ադրբեջանի Զինված ուժերի գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր են դարձել «միջազգային հանրության կողմից երբեմն հնչող անհասցե գնահատականի» պատճառով: -0-