Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Սարգսյան. «Պուտինի հայտարարությունները դաշնակցային, եղբայրական պետության ղեկավարի խոսքեր են»

24.04.2015, 21:21
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունները եղբայրական պետության ղեկավարի խոսքեր են։
Սարգսյան. «Պուտինի հայտարարությունները դաշնակցային, եղբայրական պետության ղեկավարի խոսքեր են»
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունները եղբայրական պետության ղեկավարի խոսքեր են։

Պուտինը Հայաստան է ժամանել ուրբաթ` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար։

ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրան` հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող այս օրը Երևանում՝ հայ ժողովրդի կողքին լինելու համար:

Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահին նաև առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել երկու օր առաջ իր ուղերձում, իսկ այսօր՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ունեցած ելույթում այնպիսի խոսքեր հնչեցնելու համար, որոնք հուզեցին յուրաքանչյուր հայի հոգին, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Սարգսյանն ընդգծել է, որ  և՛ նրա, և՛ Հայաստանի քաղաքացիների գնահատականով, այդ խոսքերը դաշնակցային, եղբայրական պետության ղեկավարի խոսքեր են։

«Դուք այսօր Ձեր ելույթում ասացիք, որ Ռուսաստանի Դաշնությունը դեռևս 100 տարի առաջ ճանաչել է և Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի կառավարությունների հետ համարել է, որ այն գործողությունները, որոնք Օսմանյան կառավարությունն իրականացրել է հայերի նկատմամբ, հանցագործություն են մարդկության դեմ, և այդ հանցագործությունը պետք է պատժվի: Դա վկայում է Ռուսաստանի քաղաքականության հետևողականության մասին: Դրա համար իրապես շատ ուրախ եմ: Անչափ շնորհակալություն, որ Դուք եկել եք: Մեկ անգամ ևս բարի գալուստ Հայաստան», – ասել է նախագահը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Ավստրիայի խորհրդարանը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–Ա.Թ.