Հավաստագիր չստացած ԼՂ-ից տեղահանվածները կկարողանան օգտվել 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու (ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշում) և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեն ստացել հավաստագիր՝ կկարողանան օգտվել կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից։ Նախագիծն արժանացել է հավանության Կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ ըստ այդմ, աջակցությունը տվյալ ընտանիքներին կվճարվի նաև չստացած ամիսների համար:
Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ ԼՂ հայրենակիցները առցանց նոր դիմում ներկայացնեն․ դիմումների լրացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ հայտարարություն։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:57 10.10.2024