Рейтинг@Mail.ru
USD
364.19
EUR
422.53
RUB
4.1972
GEL
139.2
2026 թ. սեպտեմբերի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+25

Հայաստանում կքննարկվի tax free shopping համակարգի առավել արդյունավետ կառավարման մոդել

Այսօր, 10:03
Հայաստանում նախատեսվում է ներդնել tax free shopping համակարգի առավել արդյունավետ կառավարման մոդել
Հայաստանում կքննարկվի tax free shopping համակարգի առավել արդյունավետ կառավարման մոդել

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանում նախատեսվում է ներդնել tax free shopping համակարգի առավել արդյունավետ կառավարման մոդել։

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձի կարգում։

Ըստ հիմնավորման՝ գործող կարգավորմամբ ԱԱՀ-ի վերադարձը հնարավոր է, եթե մեկ օրացուցային օրվա ընթացքում կատարված գնումների արժեքը գերազանցում է սահմանված նվազագույն շեմը (50,000 դրամ)։

Գործընթացի կազմակերպումը ներկայումս իրականացվում է պետական կառավարման համակարգի միջոցով (մաքսային և ֆինանսների մարմինների ներգրավմամբ), ինչը ենթադրում է փաստաթղթային շրջանառություն, համեմատաբար երկար ժամկետներ և սահմանափակ թվայնացում։

Միաժամանակ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ tax free shopping համակարգերի արդյունավետությունը զգալիորեն կախված է նվազագույն գնման շեմից և կառավարման մոդելից։ Բացի այդ, գործող համակարգում ԱԱՀ վերադարձի գործընթացի միայն պետական կառավարման մոդելը սահմանափակում է դրա օպերատիվությունը և գրավչությունը զբոսաշրջիկների համար։

Նման պայմաններում, անհրաժեշտություն է առաջացել ներդնել առավել արդյունավետ՝ նաև մասնավոր հատվածի (լիազորված օպերատորի) մասնակցությամբ կառավարման մոդել, որի շրջանակներում վերանայվում է մեկ օրացուցային օրվա ընթացքում կատարված գնումների արժեքի նվազագույն շեմը՝ ապահովելով գործընթացի թվայնացում և արագացում։

Հետագայում նախատեսվում է քննարկել նաև գործող կարգավորմամբ սահմանված՝ ՀՀ-ից ցամաքային տրանսպորտով մեկնելու դեպքում օտարերկրյա անձին ԱԱՀ-ի գումարների փոխհատուցումը տարվա ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ իրականացնելու, ինչպես նաև փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հանրագումարի՝ 350 հազար դրամը չգերազանցելու սահմանափակումների վերացման հարցը, եթե փաստացի տվյալները վկայեն, որ նման սահմանափակումների անհրաժեշտությունն այլևս բացակայում է։