Արցախի արտգործնախարարը մեկնել է Հունաստան
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Հունաստանում` մարտի 13-15 ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպվող «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով։
«ԱԳՆ ղեկավարի այցը սկսվել է Հունաստանի Հայ Ավետարանական եկեղեցի և մի շարք հայկական ուսումնական հաստատություններ, մասնավորապես, «Գալփաքյան» ու «Զավարյան» վարժարաններ այցելություններից, որտեղ նախարարը ծանոթացել է նրանց գործունեությանը և շփվել սաների հետ», - հաղորդում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նույն օրը Կարեն Միրզոյանը Հունաստանի Հայոց ազգային առաջնորդարանում հանդիպել է Կաթողիկոսական Փոխանորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանի և Հունահայոց ազգային վարչության անդամների հետ։
ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև Արցախի ՊԲ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրադրությունը և պատասխանել ներկաների կողմից բարձրացված հարցերին։-0-