Հայաստանը չի նախատեսում ստեղծել միջուկային զենք. փոխխոսնակ

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/.Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում ստեղծել միջուկային զենք, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ապրիլի սկզբին ՀՀ նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկել է ատոմային զենք ստեղծել` Հայաստանը և Ղարաբաղը Ադրբեջանից պաշտպանելու նամար
«Հայաստանը խաղաղ նպատակներով է օգտագործում ատոմային էլեկտրակայանը` էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Հայկական իշխանությունները մտադիր չեն ստեղծել միջուկային զենք», – ասաց Շարմազանովը։
Նա նշեց, որ Հայաստանը խաղաղասեր երկիր է` ընդգծելով, որ եթե ինչ–որ մեկը փորձում է տարածաշրջանում գտնել սպառնալիքներ, ապա պետք է իր հայացքը սևեռի Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ ու դեպի հարավ` «Իսլամական պետություն»։
«Հայաստանից որևէ սպառնալիք չի բխում, քանի որ մենք խաղաղասեր երկիր ենք», – ասաց Շարմազանովը` նշելով, որ Բագրատյանի խոսքերը պատգամավորի անձնական կարծիքն է։
ԵՄ-ում կստուգեն հայկական ատոմային ռումբի մասին խոսակցությունները>>
Երեքշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը, պատասխանելով Բագրատյանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին, նշել է, որ ձեռնպահ կմնա պատասխանից` հայտարարելով, որ տվյալները պետք է ստուգվեն։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-