Նախկին վարչապետը հաստատել է, որ հեռանում է ՀՀԿ–ից

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն է կատարել Facebook–ի իր էջում։
«Ես կայացրել եմ իմ կյանքի կարևոր և դժվար որոշումներից մեկը և հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը»,– գրել է Աբրահամյանը։
Նա նշել է, որ երկար է մտածել այդ որոշումը կայացնելիս:
«Անկեղծ ասեմ՝ հեշտ որոշում չէր ինձ համար, քանի որ կուսակցությանը նվիրել եմ իմ կյանքի մի էական հատված՝ մոտ երկու տասնամյակ»,– նշել է նա։
Նա շնորհակալություն է հայտնել իր բոլոր կուսակցական ընկերներին՝ տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար:
«Շնորհակալ եմ ՀՀ պետական հաստատությունների նախկին ու ներկա պաշտոնյաներին, Հայաստանի մարզերի, քաղաքների ու գյուղերի նախկին ու ներկա պատասխանատուներին, մեր հազարավոր համաքաղաքացիներին բոլոր այն ձեռքբերումների համար, որոնց միասին ենք հասել»,– ասվում է նախկին վարչապետի հայտարարությունում։
Աբրահամյանի խոսքով, թիմային աշխատանքը, թիմի յուրաքանչյուր անդամի արժանապատվությունը եղել և մնում են ինձ համար առաջնային:
«Անշուշտ, ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա. կգան նորերը, միգուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցանկանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր և պետականամետ»,– ընդգծել է նա։
Հայաստանի նախկին վարչապետը նշել է նաև, որ հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու է ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, քանզի համոզված է, որ ունիբավարար ուժ, գիտելիքներ ու փորձ՝ ծառայելու Հայաստանին։
«Շարունակելու եմ ապրել և աշխատել հանուն Հայաստանի»,– ասել է Աբրահամյանը։
Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ–ի փոխնախագահն է և գլխավորում էր կուսակցության քաղաքական հանձնաժողովը։ Նրան էր վստահված ընտրությունների ժամանակ նախընտրական շտաբի գլխավորումը։ -0-