Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+33

Հայաստանը կարող է Մաքսային միության անդամ դառնալ արդեն այս տարի. Խրիստենկո

06.03.2014, 17:00
Հայաստանը կարող է ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միության անդամ դառնալ արդեն 2014 թվականին, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն։
Հայաստանը կարող է Մաքսային միության անդամ դառնալ արդեն այս տարի. Խրիստենկո
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կարող է ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միության անդամ դառնալ արդեն 2014 թվականին, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն։
«Կարծում եմ, որ այս տարի` 2014 թվականին, Հայաստանի միացման գործընթացն իրավաբանորեն կձևակերպվի»,– ասել է նա լրագրողներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Խրիստենկոն հայտնել է, որ ԵՏՀ` Մոսկվայում մարտին կայացած գագաթնաժողովում նախագահներին զեկուցվել է Հայաստանի կողմից ՄՄ–ին միանալու «ճանապարհային քարտեզի» կատարման նախնական արդյունքները։

«Կարելի է ասել, որ դեկտեմբերյան գագաթնաժողովից անցած երկու ամիսների ընթացքում Հայաստանը մեծ քայլ է կատարել դեպի «ճանապարհային քարտեզի» կատարում։ Մենք լավատեսական տրամադրվածություն ունենք Հայաստանի` «ճանապարհային քարտեզի» 260 կետերի իրագործման հնարավորության և ընդունակության և մինչև միանալը կատարելիք աշխատանքի ծավալի հարցում»,– ասել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը։

Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը 2007 թվականի հոկտեմբերի 6–ի պայմանագրի համապատասխան` մաքսային միություն են ձևավորում։ ՄՄ ձևավորումը նախատեսում է միասնական մաքսային տարածքի ստեղծում, որի սահմաններում չեն կիրառվում մաքսատուրքեր և տնտեսական բնույթի սահմանափակումներ, բացառությամբ հատուկ պաշտպանող, հակադեմպինգային և փոխհատուցող միջոցների։

Ավելի վաղ ծրագրվել էր, որ Երևանը, ինչպես Թբիլիսին, ԵՄ–ի հետ ասոցացման և ազատ առևտրային գոտու մասին համաձայնագրեր կստորագրի 2013 թվականի նոյեմբերին «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովում։ Սակայն սեպտեմբերին Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մտադրության մասին։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին` Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։--0—