Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Բելառուսն ու Ղազախստանը խոչընդոտներ չեն ստեղծի Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հարցում. ԱԳՆ

01.07.2014, 14:55
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հերքեց մի շարք ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե Բելառուսն ու Ղազախստանն իբր դեմ են, որ Հայաստանը միանա ԵՏՄ-ին:
Բելառուսն ու Ղազախստանը խոչընդոտներ չեն ստեղծի Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հարցում. ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հերքեց մի շարք ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե Բելառուսն ու Ղազախստանն իբր դեմ են, որ Հայաստանը միանա ԵՏՄ-ին:

«Եթե այդպես լիներ, ապա նախօրեին Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը չէր ուղարկվի Եվրասիական տնտեսական հանձնաժողով միջպետական համաձայնեցման համար: Եթե որևէ մեկ դեմ լիներ, ապա կարող էր անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծել այս կամ այն հարցում, իսկ հարցերը հարյուրավոր են», - հայտարարեց Քոչարյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի շրջանակում:

Մայիսի 29–ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29–ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր ստորագրեցին, որն ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու պայմանագիրը հարկավոր է ստորագրել ամենամոտ ժամանակում

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարել էր, որ ԵՏՄ-ին անդամակցելու համար Հայաստանի կողմից պայմանագրի ստորագրումը հնարավոր է համարում արդեն հունիսին, քանի որ պետք է կարգավորվեն միայն մի քանի կետեր, որոնք կապված են առևտրային մասի հետ:

Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի քարտուղարությունը, ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբը, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհուրդը, ՌԴ ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (Համալսարան) կազմում գործող Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնը, Քաղաքական գիտության ռուսաստանյան ասոցիացիան, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան:

Համաժողովին մասնակցում են ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ներկայացուցիչներ ՀԱՊԿ-ի քարտուղարությունից, ՀԱՊԿ-ի գիտափորձաքննական խորհրդից: -0-