ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել ՌԴ նախագահին Սանկտ Պետերբուրգի ողբերգության կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում այսօր տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ ՌԴ քաղաքային և դաշնային մարմինները կանեն ամեն հնարավորը` կատարվածի պատճառները բացահայտելու համար։
«Նախագահ Սարգսյանը խնդրել է իր կարեկցանքի և զորակցության խոսքերը փոխանցել բոլոր նրանց, ովքեր հարազատ և մտերիմ մարդկանց կորուստ են ունեցել, ինչպես նաև շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին»,– ասվում է հաղորդման մեջ։
Ապրիլի 3–ին հզոր պայթյուն է որոտացել Սանկտ–Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում։ Սկզբում հաղորդվել էր երկու կայարաններում որոտացած պայթյունների մասին, բայց ավելի ուշ ճշտվեց, որ պայթյունը տեղի է ունեցել «Սեննայա հրապարակ» և «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանների միջև` վագոնում։ -0-