Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 20, կիրակի
եղանակը
Երևանում
+28

Սերժ Սարգսյանն առաջատար է Հայաստանի նախագահի թեկնածուների ընտրական վարկանիշում. ՀԿՈՒՀԿ

05.02.2013, 14:24
Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը 61 տոկոսով առաջատար հորիզոնականն է զբաղեցնում Հայաստանի նախագահի թեկնածուների ընտրական վարկանիշում, վկայում են Հայաստանում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները։
Սերժ Սարգսյանն առաջատար է Հայաստանի նախագահի թեկնածուների ընտրական վարկանիշում. ՀԿՈՒՀԿ
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը 61 տոկոսով առաջատար հորիզոնականն է զբաղեցնում Հայաստանի նախագահի թեկնածուների ընտրական վարկանիշում, վկայում են Հայաստանում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները։

«Մեծ տարբերությամբ երկրորդ տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը (27%)։ Մյուս թեկնածուների ընտրական վարկանիշն էապես ցածր է` Պարույր Հայրիկյան` 5 տոկոս, Հրանտ Բագրատյան` 4 տոկոս, Արամ Հարությունյան` 1 տոկոս, մյուսներինը` 1 տոկոսից ցածր։ Բացի այդ, հանրապետության բնակչության 25 տոկոսը դեռ չի կողմնորոշվել ընտրության հարցում»,– ասվում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունում ՀԿՈՒՀԿ–ի կողմից ստացված հաղորդագրության մեջ։

Քվեարկությանը մասնակցել պատրաստվողների ճնշող մեծամասնությունը հայտնում է, որ այս կամ այն չափով է վստահ իր ընտրության հարցում (86%)։ Կողմնորոշվել են, նախևառաջ, Սերժ Սարգսյանի կողմնակիցները (94%)։

Հարցման մասնակիցների գրեթե կեսը կարծում է, որ արդար քվեարկության դեպքում կհաղթի Սերժ Սարգսյանը (47%)։ Բոլորից քիչ են Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը կանխատեսողները (28%)։ Մյուս թեկնածուներին նշում է ոչ ավելի, քան 3 տոկոսը։

Ընտրողների ուշադրությունը գրավել են Րաֆֆի Հովհաննիսյանի (դրանք դիտել են 68%) և Սերժ Սարգսյանի (65%) քարոզչական նյութերը։ Նյութերը դիտողների համապատասխանաբար 79 և 74 տոկոսն են դրանք դրական գնահատել։

Միաժամանակ, ուսումնասիրության արդյունքներով, Հայաստանի հարցված բնակիչների երկու երրորդը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից (64%)։ Հարցվածների մեծամասնությունն արձանագրում է, որ իրավիճակի վատացել է (57%)։

Հայաստանի ամենասուր խնդիրը երկրի բնակիչները համարում են գործազրկությունը (50%)։ Եվ հենց այս խնդրին են հարցվածներն իշխանություններին կոչ անում ուշադրություն դարձնել (31%)։

«Հայաստանի նախագահի աշխատանքը դրական են գնահատում հանրապետության հարցված բնակիչների 56 տոկոսը։ Ավելի զուսպ գնահատական է ստանում վարչապետը (42%) և կառավարությունը (37%)։ Բարձր է գնահատվում մարզային և տեղական իշխանությունների գործունեությունը»,– ասվում է հաղորդագրությունում։

Իր երկրի սոցիալ–քաղաքական կյանքին է հետևում Հայաստանի բնակիչների մեծամասնությունը (75%)։ Առավել ուշադիր են տարեցները (81%)։ Հարցվածների քառորդ մասը Հայաստանի սոցիալ–քաղաքական իրադարձությունների նկատմամբ անտարբեր է (25%)` առաջին հերթին, դա երիտասարդությունն է (35%)։

Սոցիալ–քաղաքական իրադարձությունների թվում Հայաստանի բնակիչներն առավել ուշադիր են ընտրական քարոզարշավի նկատմամբ (12%) և երկրի նախագահի ընտրությունների նկատմամբ (10%)։ Ազգային ժողովի և տեղական մարմինների ընտրությունները հարցվածների շրջանում ավելի քիչ հետաքրքրություն են առաջացնում։

Բացի այդ, Հայաստանի նախագահի առաջիկա ընտրությունների մասին հայտնի է հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությանը` 95 տոկոսը լավ իրազեկ է, 4 տոկոսն ինչ–որ բան լսել է։

Ամենահայտնի թեկնածուներն են գործող նախագահ Սերժ Սարգսյանը (99%), Րաֆֆի Հովհաննիսյանը և Պարույր Հայրիկյանը  (97–ական տոկոս)։ Այնուհետև  Հրանտ Բագրատյանն է (86%), Արամ Հարությունյանը (66%)։ Պակաս հայտնի են` Անդրիաս Ղուկասյանը (44%), Արման Մելիքյանը (43%), Վարդան Սեդրակյանը (42%)։

Նախագահական ընտրությունների քվեարկությանը պատրաստվում են մասնակցել հարցվածների 76 տոկոսը։ Մասնակցության գլխավոր դրդապատճառը քաղաքացիական պարտքը կատարելն է (26%)։

ՀԿՈՒՀԿ–ի հարցումն անցկացվել է Հայաստանի Հանրապետությունում 2013 թվականի հունվարի 25-29–ը։ Հարցման մասնակցել է 1624 մարդ։ Վիճակագրական շեղումը չի գերազանցում 2.5 տոկոսը։

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը հասարակական կարծիքի հարցումներ անցկացնող ամենահին և առավել հայտնի ռուսական ընկերություն է։

ՀԿՈՒՀԿ–ը հիմնվել է 1987 թվականի դեկտեմբերին։ 1998 թվականին Կենտրոնը վերագրանցվել է որպես պետական ունիտար ձեռնարկություն, 1999 թվականին Կենտրոնին շնորհվել է գիտական հաստատության կարգավիճակ։ 2003 թվականին «ՀԿՈՒՀԿ» ԴՊՈՒՁ–ը վերածվել է բաց բաժնետիրական ընկերության 100–տոկոսանոց պետական կապիտալով։

Այսօր ՀԿՈՒՀԿ–ն առաջատար ռուսական հետազոտական կազմակերպություն է հանրային կարծիքի բնագավառում։ ՀԿՈՒՀԿ–ի գործունեության գերակա ոլորտը քաղաքական, սոցիալական և ընտրական բնույթի սոցիոլոգիական ուսումնասիրությունների անցկացումն է պետական իշխանության դաշնային և մարզային մարմինների պատվերով։

ՀԿՈՒՀԿ–ի ղեկավարները շուկայի և հասարակական կարծիքի հետազոտողների ESOMAR միջազգային ասոցիացիայի անդամ են։ Իր գործունեությամբ ՀԿՈՒՀԿ–ը հետևում է գիտական օբյեկտիվության և խստության սկզբունքներին` առաջնորդվելով ESOMAR էթիկական օրենսգրքով։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0--