Рейтинг@Mail.ru
USD
368.52
EUR
428.04
RUB
4.9908
GEL
138.32
2026 թ. հունիսի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Ռազմարդյունաբերական ավելի քան 40 ընկերություն ներկայացնում է հայրենական արտադրանքը. Երևանում անցկացվում է «RISE 2026»-ը (ՖՈՏՈ)

Այսօր, 16:40
Ցուցահանդեսը միավորում է տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ոլորտների առաջատար ներկայացուցիչներին, մասնագետներին և ավելի քան 40 տեղական ընկերություններին․ ՖՈՏՈ
Ռազմարդյունաբերական ավելի քան 40 ընկերություն ներկայացնում է հայրենական արտադրանքը. Երևանում անցկացվում է «RISE 2026»-ը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/ԱՌԿԱ/․ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվում է «RISE Powered by Silicon Mountains 2026» խոշոր բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսը։

Ցուցահանդեսը միավորում է տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ոլորտների առաջատար ներկայացուցիչներին, մասնագետներին և ավելի քան 40 տեղական ընկերություններին: Այս տարի ցուցահանդեսն անցկացվում է երկու փուլով` հունիսին և նոյեմբերին և կրում է «Մենք ենք, մեր սարերը. վերելք» կարգախոսը։

Мхитар Айрапетян
Ինչպես նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ռազմարդյունաբերական ոլորտը օրեցօր կայանում է` դառնալով տնտեսության մի նոր ճյուղ։

«Ռազմական արդյունաբերությունը այսօր շուրջ 70 միլիարդի հասնող շրջանառություն է ձևավորել տնտեսության ներսում, և այն արդեն դուրս է գալիս ՀՀ սահմաններից։ Ռազմարդյունաբերությունը կամ պաշտպանական արդյունաբերական պրոդուկտները կարևորագույն արտահանելի ճյուղ են դառնալու մեր տնտեսության համար և արդեն դառնում են»,- ասաց նախարարը բացման խոսքի ժամանակ։

Նախարարի խոսքով` սա երկար ճանապարհի միայն սկիզբն է, քանի որ պետությունն իր առջև զարգացման ավելի մեծ խնդիրներ է դրել։

«Մենք ամփոփում ենք առաջին եռամյա ծրագիրը 172 միլիարդ դրամ կառավարության ուղիղ ներդրմամբ պատվերների միջոցով։ Մենք այն համարում ենք հաջողված։ Սա էր պատճառը, որ մեկ այլ կարևոր, շրջադարձային որոշում կայացվեց կառավարության կողմից շարունակել երկարաժամկետ պայմանագրերի այս մշակույթը, որն արդեն իսկ կայացված որոշումներով ամրագրված է 190 միլիարդ դրամի շրջանակում», - նշեց Հայրապետյանը։

Армен Балдриан

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանն էլ ընդգծեց, որ Հայաստանն այլընտրանք չունի, քան զարգացնելու սեփական բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը։

«Այն ոչ միայն ոլորտ է, այլև լոկոմոտիվ է ողջ տնտեսության համար։ Հայկական արտադրանքը պետք է հանդիսանա այն շարժիչ ուժը, որը կբարձրացնի Հայաստանի տնտեսության արտադրողականությունը, որը թույլ կտա մրցակցային առավելություններ ունենալ համաշխարհային տնտեսության մեջ»,- ասաց Բալդրյանը։

Ցուցահանդեսի մասին

RISE Powered by Silicon Mountains 2026-ը կազմակերպվում է Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության (UEICT) կողմից, որը հիմնադրվել է 2015 թվականին: Միությունը միավորում է ավելի քան 130 ընկերություն, որոնք աշխատանքի են վերցնում ավելի քան 30,000 մարդու:

RISE նշանակում է հետազոտություն, նորարարություն, գիտություն և ճարտարագիտություն: Silicon Mountains RISE-ը առաջին անգամ անցկացվում է 2026 թվականին՝ որպես Silicon Mountains գագաթնաժողովների շարքի գարնանային ընդլայնում: Միջոցառումը նվիրված է հայկական ընկերությունների, հետազոտական ​​կենտրոնների և թիմերի բարձր տեխնոլոգիական արտադրանքի, նորարարական լուծումների, գիտական ​​մշակումների և ճարտարագիտական ​​նախագծերի ներկայացմանը:

UEICT-ն ամենամյա Silicon Mountains Tech Summit-ը անցկացնում է 2019 թվականից: Ըստ կազմակերպիչների` այդ ժամանակվանից ի վեր միջոցառումներին մասնակցել է ավելի քան 100 խոսնակ և ավելի քան 6000 մասնակից: 2024 թվականին ֆորումն առաջին անգամ անցկացվել է Երևանից դուրս՝ Շիրակում, իսկ 2025 թվականին՝ Լոռու մարզի COAF SMART կենտրոնում: