Рейтинг@Mail.ru
USD
367.38
EUR
420.03
RUB
4.7873
GEL
139.47
2026 թ. հուլիսի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+34

«Սև խավիարի» էֆեկտ․ ինչու՞ է բիզնեսը պատվիրում խնճույք, իսկ արդյունքում ընտրում ջուր ու լավաշ

23.06.2026, 10:15
Պատկերացրեք իրավիճակ։ Ռեստորան է գալիս մի հաճախորդ։ Նա ասում է, որ կարևոր միջոցառում է պլանավորում։ Խնդրում է ամբողջությամբ փակել սրահը։ Հետաքրքրվում է լավագույն կերակրատեսակներով։ Հարցնում է սև խավիարի, տրյուֆելների, հազվագյուտ գինիների մասին։ Խնդրում է ուղարկել սպասքադրման լուսանկարներ
«Սև խավիարի» էֆեկտ․ ինչու՞ է բիզնեսը պատվիրում խնճույք, իսկ արդյունքում ընտրում ջուր ու լավաշ

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/ԱՌԿԱ/․ Պատկերացրեք իրավիճակ։ Ռեստորան է գալիս մի հաճախորդ։

Նա ասում է, որ կարևոր միջոցառում է պլանավորում։ Խնդրում է ամբողջությամբ փակել սրահը։ Հետաքրքրվում է լավագույն կերակրատեսակներով։ Հարցնում է սև խավիարի, տրյուֆելների, հազվագյուտ գինիների մասին։ Խնդրում է ուղարկել սպասքադրման լուսանկարներ։ Ճշտում է՝ հնարավո՞ր է արդյոք կազմակերպել կարմիր գորգ, կենդանի երաժշտություն և հայտնի արտիստի ելույթ։ Եվ այս ամենը՝ ցանկալի է արդեն վաղը։

Ռեստորանը սկսում է աշխատել։

Մենեջերները քննարկում են հայեցակարգը, շեֆ-խոհարարը մտածում է մենյուն, հաշվարկվում են մթերքները, ներգրավվում են կապալառուներ, ամրագրվում են ամսաթվերը։

Հաճախորդը շտապեցնում է.

·        Բյուջեն շտապ է պետք։

·        Այսօր, առավելագույնը վաղն առավոտյան։

Հաջորդ օրը ռեստորանը ներկայացնում է նախահաշիվը, որից հետո հաճախորդը հայտնում է.

·        Մենք մտափոխվել ենք։

·        Սրահը փակել պետք չէ։

·        Կարմիր գորգ պետք չէ։

·        Երաժշտություն պետք չէ։

·        Ուտելիքից թողեք ջուր և լավաշ, ու ցանկալի է՝ հնարավորինս էժան։

Ռեստորանային բիզնեսում նման մոտեցումը, մեղմ ասած, տարօրինակ կթվար։

Բայց մեդիայում այն անընդհատ հանդիպող երևույթ է։

Պատվիրատուները հարցում են անում մասշտաբային հաղորդակցային արշավների, հատուկ նախագծերի, հարցազրույցների, վիդեոկոնտենտի, ինտեգրումների, վերլուծությունների, առաջխաղացման և տասնյակ լրացուցիչ տարբերակների համար։ Արդյունքում՝ ավելի ու ավելի հաճախ նման հարցումներն ավարտվում են արմատական վերանայմամբ. եզրագծին հասնում ենք ի սկզբանե հայտարարված բյուջեի զգալի կրճատումով։

Այնինչ խմբագրությունները, մարկետոլոգները, պրոդյուսերներն ու մենեջերները ժամանակ են ծախսում հայեցակարգերի մշակման, սցենարների հաշվարկման և առաջարկների պատրաստման վրա։ Ի՞նչ են նրանք զգում, երբ պարզվում է, որ իրական պահանջմունքը բոլորովին այլ էր։

Խնդիրն այն չէ, որ պատվիրատուն որոշել է կրճատել բյուջեն։ Դա նրա իրավունքն է։

Խնդիրն այն է, որ շատերը մինչ օրս կոմերցիոն առաջարկի պատրաստումն ընկալում են որպես անվճար ռեսուրս։

Բայց յուրաքանչյուր առաջարկի հետևում կանգնած են մարդկանց աշխատանքային ժամերը, փորձագիտությունը, ներքին քննարկումները և ժամանակը, որը կարելի էր ծախսել գործող նախագծերի և իրական հաճախորդների վրա։

Լավ գործնական հարաբերությունները սկսվում են միմյանց հանդեպ հարգանքից

Ուրիշի ժամանակի հանդեպ հարգանքն էթիկետի հարց չէ։ Դա առաջին նշանն է այն բանի, որ գործընկերությունն ընդհանրապես հնարավոր է։

Ուստի ամենապրոֆեսիոնալ մոտեցումը նախ խնդիրը, նպատակները և բյուջեի իրական հնարավորությունները ազնվորեն սահմանելն է, և միայն դրանից հետո տրյուֆելներ, խավիար ու կարմիր գորգ պատվիրելը։

Որովհետև գործնական գործընկերությունը սկսվում է ոչ թե բյուջեից և ոչ թե պայմանագրից, այն սկսվում է հարգանքից։

Իսկ հարգանքն ամենալավն արտահայտվում է նրանում, որ թույլ չտաս ուրիշներին զբաղվել խնջույքի պատրաստությամբ, եթե վերջում ընդամենը մեկ բաժակ ջուր և մի կտոր հաց է պետք։

Կոնստանտին Պետրոսով

«ԱՌԿԱ» լրատվական գործակալության տնօրեն