Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

«Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր հարազատներից». առողջապահության նախարարի պ.կ–ն մեկնաբանել է մահացած զինծառայողների դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման շուրջ ստեղծված իրավիճակը

01.06.2021, 12:52
Նախօրեին սոցցանցերում հրապարակվեցին լուսանկարներ, որոնցում երևում էին պարկերի մեջ դրված դիեր և մասունքներ, որոնք դրված են Դատաբժշկական կենտրոնի հատակին
«Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր հարազատներից». առողջապահության նախարարի պ.կ–ն մեկնաբանել է մահացած զինծառայողների դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն է խնդրել Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված։

«Հարգելի հայրենակիցներ, երեկ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին», – նշել է Ավանեսյանը Facebook–յան իր էջում: 

Նա վստահեցրել է, որ վերջին տարում Դատաբժշկական կենտրոնը արել է հնարավորը դատաբժշկական փորձաքննությունները և նույնականացման գործընթացը ապահովելու համար:

«Ինչպես երեկ նշվել էր Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ արձանագրված փաստի հետ կապված կիրականացվի ծառայողական քննություն՝ համապատասխան հետևանքներով: Հարկ եմ համարում նորից նշել, որ նախարարությունը միշտ աշխատել է ապահովել թափանցիկ տեղեկատվություն և մշտապես կապի մեջ է զոհերի հարազատների հետ:

Այսօր Դատաբժշկական կենտրոնը նորից տեղեկատվություն կհրապարակի դիակների և մասունքների փերձաքննությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ: Նշեմ, որ դիահերձարաններում գտնվող դիերը և մասունքները արդեն իսկ փորձաքննված են և տեղեկատվությունը արդյունքների մասին մշտապես հասանելի է եղել հարազատներին», – նշել է Ավանեսյանը։

Նախօրեին սոցցանցերում հրապարակվեցին լուսանկարներ, որոնցում երևում էին պարկերի մեջ դրված դիեր և մասունքներ, որոնք դրված են Դատաբժշկական կենտրոնի հատակին։ Այդ լուսանկարները մեծ աղմուկ էին առաջացրել հասարակության շրջանում։

Արցախում զոհված զինծառայողների ծնողները նախօրեին փակել էին Հերացի փողոցը, նրանք հայտարարել էին զոհերի մարմինների և մասունքների թվի հետ կապված անճշտությունների մասին։ Կան կասկածներ, որ իշխանությունները երկար ժամանակ թաքցրել են պատերազմի զոհերի մասունքներն արդյունաբերական սառնարաններում` ավելորդ աղմուկից խուսափելու համար։

Ակցիայի մասնակից Արսեն Ղուկասյանը հայտարարեց, որ մի շարք դեպքերում հարազատներին տալիս են զոհերի մասունքները հուղարկավորելու համար, բայց ավելի ուշ հայտարարում են, որ հայտնաբերվել են մարմնի այլ մասեր, որոնք համընկնում են ԴՆԹ–ով։–0–